Մոսկվան չի հասկանում, թե ինչու Հայաստանի վարչապետը չի «հավասարակշռել» Վլադիմիր Զելենսկու Երևանում հնչեցրած հակառուսական հայտարարությունները՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք հասկանում, թե ինչու են Հայաստանի տարածքից հակառուսական արտահայտություններ հնչում։ Այ սա մենք չենք հասկանում։ Եվ ինչո՞ւ Հայաստանի կառավարության ղեկավարը չի փորձում որևէ կերպ դա հավասարակշռել իր հայտարարություններով։ Առայժմ մենք չենք կարողանում սա բացատրել»,- հավելել է Պեսկովը։               
 

Կարապետ Ներսիսյան. ինժեներից մինչև Թամանյանական սակրավոր

Կարապետ Ներսիսյան. ինժեներից մինչև Թամանյանական սակրավոր
09.05.2026 | 17:27

Հայ ժողովրդի պատմությունը լի է անհատներով, ում կյանքը խզվեց ամենածաղկուն շրջանում, բայց նրանց թողած հետքը մնաց անջնջելի։ Այդպիսի մի հերոսական կերպար է Կարապետ (Կարո) Ալեքսանդրի Ներսիսյանը։

Երևանյան մանկություն և կրթություն

Կարապետը ծնվել է 1916 թվականին Երևանում՝ ժամագործի ընտանիքում։ Ընդամենը երեք տարեկան էր, երբ հայրը մահացավ՝ ընտանիքին թողնելով ծանր կացության մեջ։ Չնայած դժվարություններին, Կարապետը դրսևորեց բացառիկ աշխատասիրություն։ Նա սովորեց Շահումյանի անվան դպրոցում, ապա Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում և վերջապես Պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական ֆակուլտետում։

Լինելով ակտիվ կոմերիտական և «ուսման հարվածային»՝ նա ավարտեց ինստիտուտը 1941-ի ճակատագրական տարում։ Ինժեների դիպլոմը ձեռքին՝ նա պետք է շենացներ հայրենիքը, բայց պատերազմը փոխեց ամեն ինչ։

Ռազմաճակատի ուղին

1941-ին Կարապետը մեկնեց ռազմաճակատ։ Նա իր տեղը գտավ լեգենդար 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայում, որտեղ որպես ավագ լեյտենանտ ծառայում էր «Սակրավորներ» բատալիոնում։ Սակրավորի աշխատանքը վտանգավոր էր ու պատասխանատու. ամեն քայլափոխի մահն էր սպառնում, բայց նա կատարում էր իր պարտքը բարձր գիտակցությամբ։

«Կռվում փլավ չեն բաժանում». Նամակներ մորը

Կարապետի նամակները ռազմաճակատից՝ ուղղված մորն ու հարազատներին, հուզիչ են իրենց պարզությամբ և հոգատարությամբ։ Նա միշտ փորձում էր հանգստացնել մորը. «Ինձանից անհանգիստ մի եղիր... վատ լուրը շուտ կգա»,- գրում էր նա։

Նրա տողերում զգացվում է զինվորական կյանքի դաժանությունը, բայց նաև՝ անկոտրում ոգին.

«Այստեղ մի տեսակ մարդ փոխվում է... մահվան մասին խոսելը «մի քիչ» սարսափելի չի... կռվում փլավ չեն բաժանում» (21.12.42 թ.):

Նա անընդհատ հետաքրքրվում էր ընտանիքի անդամների՝ Խաչիկի, Ժենիկի, փոքրիկ Նորիկի առողջությամբ, ուղարկում էր իր ռոճիկը տնեցիներին օգնելու համար և երազում էր խաղաղության մասին։

Վերջին մարտը և հավերժությունը

Կարապետ Ներսիսյանի մարտական ուղին ընդհատվեց 1943 թվականի սեպտեմբերի 10-ին Նովոռոսիյսկ քաղաքի համար մղվող համառ մարտերում։ Նա զոհվեց հերոսաբար՝ անձնազոհության օրինակ ծառայելով իր զինակիցների համար։

Իր վերջին նամակներից մեկում նա գրել էր մի մարգարեական միտք.

«Մեր վերադարձը, այդ թվում իմ վերադարձը դեպի տուն կապված է միայն մեր հաղթանակի հետ, որը ձեռք կբերվի անպատճառ»։

Կարապետը տուն չվերադարձավ, բայց վերադարձավ հաղթանակը, որի հիմքում նաև նրա թափած արյունն էր։ Հայրենիքը բարձր գնահատեց նրա սխրանքը՝ հետմահու պարգևատրելով «Հայրենական պատերազմի առաջին աստիճանի» շքանշանով։

Նրա կյանքը՝ կարճ, բայց բովանդակալից, մնում է որպես հայրենասիրության և արժանապատվության վառ օրինակ սերունդների համար։

Արմեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ